Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Անխուսափելի սերիալներն ու մերօրյա հայկական լավ կինոն

Անխուսափելի սերիալներն ու մերօրյա հայկական լավ կինոն
12.12.2008 | 00:00

ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ՖԻԼՄԵՐ
«Հաստատուն» և արագ քայլերով հայկական հեռուստասերիալները գրավում են եթերը։ Շատ են և՛ քննադատողները, և՛ իրենց առօրյան տարաբնույթ սերիալներով լցնողները։
«Սերիալը նման է բամբասանքի, ազգ-բարեկամ-հարևան շարունակական պատմությունների, որոնք առկա են յուրաքանչյուր ընտանիքում»,- ասում է կինոռեժիսոր, սցենարիստ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։- Հեռուստադիտողը մասնակից է դառնում նաև այս «բամբասանքին»։
Գագիկ Հարությունյանին հեռուստադիտողը ճանաչում է վերջին տարիներին նկարահանված «Յարխուշտա», «Որոգայթ», «Խնկարկում» ֆիլմերից։ Առաջին աշխատանքը «Տեսուչ» կարճամետրաժ կինոնկարն էր` նկարահանված 1992-ին։ Այնուհետև մեկնել է ՈՒկրաինա, աշխատել տեղի հեռուստատեսությունում։ Նկարահանել է մեկ-երկու րոպեանոց սյուժեներ` աֆորիզմների հիման վրա, որոնք ցուցադրվում են մինչ օրս։ Փաստավավերագրական մի շարք ֆիլմերի հեղինակ է։
Չի սիրում մերօրյա երգարվեստը, չի կարողանում լսել այդ «սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ»-ները։ Չի նայում սերիալ, բնականաբար։ Բայց քանի որ մարդիկ նայում են, փորձում է իր հերթին մի բան անել։ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվում է նրա «Աքլորակռիվ» հեռուստասերիալը։ Ներկայացնում է գյուղական մաքուր կենցաղը` փորձելով զերծ մնալ ավելորդ խոսք ու զրույցից, ծիծաղ առաջացնելու անիմաստ ճիգերից։ Որակյալ սերիալ ստեղծելու համար ֆինանս է անհրաժեշտ, ժամանակ, ասելիք, որ նայողը հաճույք ստանա, և, ինչու ոչ, ֆիլմը վաճառվի նաև հարևան երկրներում։ Նկարում է գրեթե կինոյի կանոններով, ինչը դժվար է։ Տեսարաններ կան, որ կարող էին լիարժեք տրագիկոմեդիայի նյութ դառնալ։
«Մի ժամանակ ունեինք լավ հանդիսատես։ Մերօրյա հանդիսատեսն այնքան է տափակություններ նայել, որ դժվարանում է հասկանալ` ինչ է իսկական կինոն։ Իսկ լավ կինո, իհարկե, կա։ Եվ կան ժամանակակից հայկական կինոարվեստը ձևավորող ու պահող արվեստագետներ։ Պարզապես գեղարվեստական արժեք ունեցող ֆիլմ ստեղծելու համար համապատասխան գումարներ պիտի ծախսվեն»,- ասում է կինոռեժիսորը, շեշտելով, որ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալը ոչ մի կապ չունի իր համանուն ֆիլմի հետ։ Ընդօրինակել են ֆիլմի անվանումը, տառատեսակները։ Մտադիր է պաշտպանել հեղինակային իրավունքը։ Միայն թե ազատ ժամանակ է պետք։ Քանի որ խոսվեց «Որոգայթի» մասին, փորձեցի պարզել շատերին հետաքրքրող հարցը` իրական հիմք ունի՞ ֆիլմի սյուժեն։ Պարզվեց` նմանատիպ պատմություն եղել է, բայց չի հիշում` երբ և որտեղ է լսել։
ՈՒղղիչ հաստատության պետի համաձայնությամբ` երիտասարդ ռեժիսորը, մահվան դատապարտված կալանավորների մասին ֆիլմ նկարահանելու համար մեկ շաբաթ անցկացնում է կալանավորների հետ միևնույն խցիկում։ Պայմանավորված օրը ռեժիսորը դուրս էր գալու բանտից և նկարելու էր իր տեսածն ու զգացածը։ ՈՒղղիչ հաստատության պետի անժամանակ մահը փոխում է դեպքերի ընթացքը։ Ռեժիսորն իրապես վերապրում է և՛ սպասվելիք մահվան սարսափը, և՛, ի վերջո, պատիժը։ Կարծում եմ` վերապրում է նաև ֆիլմը դիտողը։ Թվում է` ֆիլմը բողոք է մահապատժի դեմ, մանավանդ որ գնդակահարվում է միանգամայն անմեղ մարդը։ Սակայն Գ. Հարությունյանը շրջանցել է այդ փաստը։ Ֆիլմը դաստիարակչական նպատակ ունի, առանցքում պատվիրանն է` մի՛ սպանիր։
Ռեժիսորի ասելիքը հասել է իր նպատակին։ Ֆիլմը դիտելիս խղճում ես անգամ մահապատժի նախօրեին ինքնասպան լինող Սպիցին, ով մարդկային տականքի խտացումն է։ Գ. Հարությունյանի կարծիքով` 14-15 տարեկան երեխաներին պետք է մեկ անգամ կալանավայր բերել. դա կլինի փորձաշրջան` այդ աշխարհը ճանաչելու և նրանից մեկընդմիշտ խուսափելու համար։ «Որոգայթը», կարծում եմ, նույնպես փորձաշրջան է։
Գագիկ Հարությունյանը ժամանակակից կինոաշխարհում ներկայանում է նոր ու ինքնատիպ ձեռագրով։ «Ռեժիսորը նկարում է ինքն իրեն,- ասում է նա,- դու ինքդ պիտի անցնես այդ ամենի միջով»։
Առջևում կան հետաքրքիր նախագծեր, մասնավորապես Վահան Թոթովենցի «Մի կյանք և մի սեր» պատմվածքի հիման վրա գրված սյուժեի նկարահանումը։ Նպատակ կա ֆիլմ նկարահանել Գերմանիայի, Թուրքիայի հետ համատեղ` Մարկ Արմենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը. անատոլիական պատմություն» վիպակի հիման վրա։ Դա եղեռնի պատմություն է` անսպասելի սյուժեով և նույնքան անսպասելի, անակնկալ վերջաբանով։
Կինոռեժիսորի ֆիլմերում գերակայում է տրագիկոմեդիկ ժանրը։ Նա չի հեռանում իրականությունից, իսկ իրական կյանքը հենց տրագիկոմեդիա է` լաց, ծիծաղ, կյանք և մահ, որոգայթ և խնկարկում։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7438

Մեկնաբանություններ